Մակրոնը խոստացել է վերակառուցել Փարիզի Աստվածամոր տաճարը

26
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ՝ հրդեհի գիշերը, 15-ը ապրիլի, 2019թ․

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խոստացել է վերակառուցել ուժգին հրդեհի հետևանքով վնասված Փարիզի Աստվածամոր տաճարը:

Ելիսեյան պալատի ղեկավարը տեղի ունեցածը որակել է «սարսափելի ողբերգություն»՝ հավելելով, որ «վատթարագույնից հնարավոր եղավ խուսափել»:

Մակրոնի խոսքով՝ հուշարձանը վերականգնելու համար Ֆրանսիան մտադիր է միջազգային դրամահավաք հայտարարել:

Հրդեհի հետևանքով, մասնավորապես, փլուզվել են 850-ամյա գոթական տաճարի սրածայր աշտարակը և տանիքի մի մասը:

Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարում է, որ հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն: Փարիզի հրշեջ ծառայությունից, մինչդեռ, հայտնել են, որ միջադեպի պատճառ կարող էին դառնալ շենքում անցկացվող վերականգնողական աշխատանքները:

Կրակի մարման ժամանակ լուրջ վնասվածքներ է ստացել հրշեջներից մեկը, այլ տուժածներ և մարդկային զոհեր չկան:

Փարիզի կենտրոնում երկու դար տևած շինարարական աշխատանքների արդյունքում կառուցված կաթոլիկ տաճարը Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշներից է : Անգնահատելի արժեք ունեն ոչ միայն Աստվածամոր տաճարի բուն շինությունը, այլև դրանում պահվող գանձերն ու արվեստի ստեղծագործությունները:

Загрузка...