Սևանի թերակղզում 26-ամյա երիտասարդի սպանության գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև 71-ամյա կնոջ սպանությունը

69

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Գեղարքունիքի մարզում 2018թ. մայիսի 31-ին  տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է նույն անձանց կողմից առերևույթ կատարված մեկ այլ սպանություն ևս:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է 26-ամյա երիտասարդի սպանությունը:  Երկու անձի մեղադրանքներ էին առաջադրվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, ով հայտնաբերվել է:

Հիշեցնենք, որ 26-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել էր 2018թ. մայիսի 31-ին՝ Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին՝ գլխի շրջանում ջնջխված վերքերով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը շարունակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում:

Նախաքննությամբ  պարզվել էին 26-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Վրաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ:

Մասնավորապես՝ 26-ամյա երիտասարդը, ով Գյումրի քաղաքի բնակիչ էր, դեպքի օրն իր «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով ծառայություններ է մատուցել օտարերկրացիներին՝ ազգությամբ վրացի ամուսիններին և նրանց ընկերոջը՝ նրանց փոխադրելով Սևան:

Պարզվել է, որ ճանապարհին ուղևորներն ալկոհոլ են օգտագործել, վիճաբանել երիտասարդ վարորդի հետ, որի ժամանակ էլ նրա գլխին քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Այնուհետև հիշյալ անձինք վերցրել են 26-ամյա վարորդի հեռախոսը, մատից հանել ադամանդե քարով ոսկյա մատանին, որը հետագայում վաճառել են Երևանի առևտրի կենտրոններից մեկում:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ վրացի ամուսինները 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Վրաստանից ապօրինի են մուտք գործել ՀՀ տարածք՝ նախնական համաձայնությամբ առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պահպանվող պետական սահմանի անցակետերը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հետ համագործակցության և կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է նաև վրացի ամուսինների կողմից կատարված մեկ այլ առանձնապես ծանր հանցագործություն:

Այսպես՝ դեռևս 2018 թվականի հունվարի 15-ին` ժամը 00:00-ի սահմաններում, բնակարանում՝ անկողնում պառկած վիճակում, հայտնաբերվել էր Երևան քաղաքի բնակչուհի, միայնակ բնակվող, 1947թ. ծնված Անահիտ Ալեքսանյանի դին: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կինը դարձել է սպանության զոհ:

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ վրացի ամուսինները Հայաստանում բնակվող իրենց ծանոթի միջոցով ծանոթացել են Անահիտ Ալեքսանյանի հետ:

Տեղեկանալով, որ 71-ամյա կինը 2.000 ԱՄՆ դոլար խնայած գումար, ինչպես նաև՝ ոսկյա և արծաթյա զարդեր ունի, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ծրագրել են հափշտակել դրանք:

2018 թվականի հունվարի 13-ին Անահիտ Ալեքսանյանը վրացի ամուսիններին հրավիրել է իր բնակարան, հյուրասիրել նրանց, միասին օգտագործել են ոգելից խմիչք, որից հետո  շահադիտական դրդումներով, զուգորդված ավազակությամբ, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, 71-ամյա կնոջը խեղդել են:

Տպավորություն ստեղծելու համար, թե, իբր, նա անկողնում պառկած հանկարծամահ է եղել, հանել են նրա հագին եղած հագուստները, նրան պառկեցրել են անկողնում, հագուստը խնամքով դասավորել՝ հետքեր չթողնելու նպատակով օգտագործելով ձեռնոցներ:

Նախաքննության տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք տարեց կնոջ բնակարանից հափշտակել են ընդհանուր 1 891 000 ՀՀ դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր, ինչպես նաև՝ այլ իրեր:

Որոշում է կայացվել՝ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և նախաքննությունը համատեղ շարունակելու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամուսիններին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է. նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (2 դրվագ) և 329-րդ հոդվածի 2-րդ մասով:  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Երրորդ անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքերի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Загрузка...