Հակառակորդը հետ է նետվել, բանակն անցել է հարձակման. ավարտվել են հայ-ռուսական զորավարժությունները

72

Հայաստանում Բաղրամյանի անվան զորավարժարանում ապրիլի 12-ին ավարտվել են հայ-ռուսական երկկողմ գումարտակային-տակտիկական զորավարժությունները։

Զորավարժություններն սկսվել էին ապրիլի 1-ին, եզրափակիչ օրը տեղի ունեցավ զորավարժությունների ակտիվ փուլը՝ մարտական հրաձգությամբ։ Զորավարժություններին մասնակցեց 1500 մարդ, գործի դրվեց 400 միավոր տեխնիկա։ Զորավարժությունների ընթացքին հետեւում էին մեկուկես տասնյակ երկրների ռազմական կցորդները։

«Այս զորավարժությունների հիմնական առանձնահատկությունը սցենարի բացակայությունն է։ Հրամանատարներին տրվում է առաջադրանք՝ ելնելով իրավիճակի զարգացումից»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է հայ-ռուսական զորքերի միավորված խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը։

Սահմանի ապօրինի հատում, շենքի զավթում ու ազատագրում, ագրեսիայի կասեցում եւ հակահարձակում։ Զորավարժություններում կիրառվել են հրետանի, զրահատեխնիկա, ավիացիա եւ առաջին անգամ Հայաստանում՝ ՌԷՊ տարրեր։

Հայաստանում 102-րդ ռազմակայանի հրամանատար Վլադիմիր Ելկանովը զորավարժությունների արդյունքները գնահատել է «լավ»։ «Զորավարժություններն անցան որակյալ, բարձր մակարդակով, առաջադրված խնդիրը կատարվեց»,- փաստել է Վլադիմիր Ելկանովը՝ նշելով կողմերի փոխգործակցության բարձր մակարդակը։ Տիգրան Փարվանյանը լիովին համաձայն է գործընկերոջ կարծիքին. «Պլանավորված բոլոր գործողությունները կատարված են, կոորդինացումը բարձր մակարդակի է»։

Загрузка...