Կառավարությունը 3 տոկոսով նվազեցրեց ուսանողական վարկերի տոկոսը՝ հասցնելով 9 տոկոսի

88

Կառավարությունն այսօր՝ մարտի 21-ի իր նիստում ընդունեց «Կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրով նախատեսված ենթածրագրերին հավանություն տալու եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշումը:

Նախագիծը ներկայացրեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ որոշումը պայմանավորված է բուհերի ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի մատչելիության բարձրացման անհրաժեշտությամբ:

Ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի (վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման) ենթածրագիր շրջանակում ներկայումս վարկավորմամբ զբաղվում են 10 առեւտրային բանկեր: 2019 թվականի հունվարի 15-ի դրությամբ, ծրագրի շրջանակում արդեն իսկ տրամադրվել է 14.231 վարկ՝  4 մլրդ 258 մլն դրամ ընդհանուր ծավալով:

Ներկայումս ՀՀ մի շարք պետական ուսումնական հաստատություններում ուսման վարձերն ավելի բարձր են, քան գործող որոշմամբ սահմանված վարկավորման տարեկան առավելագույն գումարը, ուստի ծրագրում նախատեսվող փոփոխություններով ստեղծվում են նոր հնարավորություններ ուսանողական վարկերի հասանելիության տեսանկյունից։

Մասնավորապես, նախատեսվում է ավելացնել տրամադրվող վարկի տարեկան առավելագույն գումարը մինչեւ 700.000 դրամ, գործող 450.000 դրամի փոխարեն։ Արդյունքում՝ ուսումնառության չորս տարիների ընթացքում ձեւավորվող 1.8 մլն դրամ վարկի ընդհանուր ծավալը կավելանա՝ կազմելով 2.8 մլն դրամ։ Միաժամանակ, նախատեսվում է նվազեցնել վարկավորման առավելագույն տոկոսադրույքը մինչեւ 9% տարեկան, գործող 12%-ի փոխարեն։

Նախագծով առաջարկվում է նաեւ վարկերից օգտվողների շրջանակն ընդլայնել՝ ներառելով նաեւ կլինիկական օրդինատորի կրթական ծրագրով սովորողներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սրանով փաստորեն բարձացվում է վարկի վերին շեմը եւ 3 տոկոսով նվազեցվում է ուսանողական վարկի տոկոսը. «Սա բարենպաստ փոփոխություն է ուսանողների համար»:

 

Загрузка...