«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի փոփոխությամբ նոր երեխայի ծննդյան դեպքում վարկի հետագա ժամանակահատվածի համար վարկի տոկոսադրույքը կնվազեցվի 0.5 %-ով

219

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի փոփոխության նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում  է վարկի գործողության ընթացքում վարկառուի յուրաքանչյուր նոր երեխայի ծննդյան դեպքում վարկի հետագա ժամանակահատվածի համար վարկի տոկոսադրույքը նվազեցնել 0.5 տոկոսով:

Վարկի տոկոսագումարների հավելյալ սուբսիդավորմանը տրամադրվելու է պետության կողմից:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ այս փոփոխությամբ կմեղմվի վարկառուների վարկային բեռը, ինչպես նաև այն կնպաստի ՀՀ-ում ժողովրդագրական խնդիրների լուծմանը և ծնելիության մակարդակի աճին:

«Ներկայումս Հայաստանի Հանրապետության շատ երիտասարդ ընտանիքներ (այդ թվում՝ նաև այս Ծրագրից օգտվողներ), հատկապես ֆինանսական խնդիրներից ելնելով, չեն մտածում ընտանիքում նոր երեխայի ծննդյան մասին, ինչն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում ՀՀ-ում ծնելիության մակարդակի և ժողովրդագրական խնդիրների վրա: Նախագծի ընդունման արդյունքում վարկառուի ընտանիքում նոր երեխայի ծննդյան կամ որդեգրման դեպքում կնվազի վերջինիս վարկային բեռը»,- նշված է նախագծում:

Հիշեցնենք, որ Կառավարության՝ մարտի 7-ի նիստում ընդունվել էր «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները մեղմող որոշում: Մասնավորապես, վարկի ժամկետն է երկարաձգվել մինչև 30 տարի, ինչպես նաև բարելավվել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմին ներկայացվող պահանջները՝ հանելով ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը և թողնելով միայն գումարային 70 տարվա տարիքի սահմանափակումը:

Ծրագրի հասանելիությունը բարձրացնելու նպատակով Կառավարությունը նաև նվազեցրել էր բնակարանի ձեռքբերման կանխավճարը. երիտասարդ ընտանիքները կկարողանան նախկին 9.5%-ի փոխարեն 7.5% կանխավճարով բնակարան ձեռք բերել: Բարձրացվել էր նաև բնակարանի արժեքը՝ դառնալով 30 մլն ՀՀ դրամ:

Ծրագրի շրջանակում վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն: Առ 2019 թվականի մարտի 5-ը տրվել է 3935 վարկ (2041 վարկ Երևանում, 1894՝ ՀՀ մարզերում), որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է շուրջ 33 մլրդ 391 մլն ՀՀ դրամ (21 մլրդ 469 մլն ՀՀ դրամ Երևանում, 11 մլրդ 922 մլն՝ ՀՀ մարզերում):

Նշված Ծրագրում 2018 թվականին իրականացված էական բարելավումների արդյունքում փոփոխությունների արդյունքները ավելի ակնհայտ են դարձել 2018-ի տարեվերջին և 2019 թվականի տարեսկզբին: Մասնավորապես, 2018 թվականի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ վարկերի ծավալը աճել է 41%-ով,  դեկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 85%-ով, 2019 թվականի հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 131%-ով, իսկ 2019 թվականի փետրվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 145%-ով:

Загрузка...