Փոքրիկ տղան մահացել է մոսկովյան բնակարանում. նա ապրել է աղբի կույտերի մեջ. տեսանյութ

107

Տղան ապրել է տատի և մոր հետ, որը տունը լցրել է աղբով։ Դրա հետևանքով բնակարանը լցվել է ուտիճներով ու մկներով։

7 տարեկան «մաուգլի» տղան, որը աուտիզմ ուներ և գրեթե երբեք դուրս չէր գալիս աղբով լի բնակարանից, մահացել է սրտի կանգի հետևանքով։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ ալիքը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 12-ին։

Ժենյան ապրում էր մոր` Աննա Պուշկինայի և տատի` Լիդիա Պուշկինայի հետ, որոնք նրա դաստիարակությամբ չէին զբաղվում։ Երեխան գրեթե դուրս չէր գալիս բնակարանից ։

Հայտնի է, որ մայրը սենյակից լսել է երեխայի խռխռոցը, փորձել է արթնացնել նրան, սակայն չի կարողացել և շտապօգնություն է կանչել։ Ժամանած բժիշկներն արձանագրել են, որ Ժենյայի սիրտն այլևս չի բաբախում։

Հարևաններն ասել են, որ մայրը մշտապես աղբով լցված տոպրակներ է տուն բերել։ Դրա հետևանքով տանը բազմացել են ուտիճներն ու մկները։ Հարևանուհին ավելացրել է, որ քաղաքապետարանից մի քանի բեռնատար է եկել, որպեսզի կարողանան աղբը դուրս հանել։

Մոսկվայի Լենինգրադյան խճուղու վրա գտնվող բնակարանը

Տղայի հայրն առանձին է ապրում, ծնողները բաժանված են։ Տղամարդը բազմաթիվ անգամ բողոք է ներկայացրել երեխաների խնամքով զբաղվող մարմիններին, բայց արձագանք չի ստացել։

Ռուսաստանի ՔԿ–ն երեխայի մահվան փաստով նախաքննական ստուգումներ է սկսել։ Քննիչները հարցաքննել են տղայի մորն ու տատին, ինչպես նաև հարևաններին։

Մեկ շաբաթ առաջ Մոսկվայի Լենինգրադյան մայրուղու վրա գտնվող բնակարաններից մեկում հաջողվել էր փրկել նմանատիպ մեկ այլ երեխայի։ 5 տարեկան աղջիկն ապրում էր աղբով լի բնակարանում առանց լույսի և ջրի, մայրը դստերը շաբաթը մեկ էր այցելում։ Աղջկան խնամքի տակ են առել բժիշկները, նրա վիճակի մասին ավելի վաղ պատմել էր Ռուսաստանի նախագահի` երեխաների իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Աննա Կուզնեցովան։

 

Загрузка...