Վրաստանից ՀՀ-ին են հանձնվել «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կատարված սպանության մեջ մեղադրվող երկու անձանց

58

Վրաստանի իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվողներ Ա. Կարադավիդովին եւ Ա. Բլբուլյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը:

Դատախազությունից  հայտնում են, որ այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Ա. Կարադավիդովի եւ Ա.Բլբուլյանի տեղափոխումը:

Այսօր՝ փետրվարի 5-ին, նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն:

Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերի 14-ին Երեւանի Հանրապետության փողոցում, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ «Մակարով» ատրճանակից եւ «ԱԿ» ինքնաձիգից կրակոցներ էին արձակվել երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետեւանքով մեկ մարդ սպանվել էր, մեկը՝ վիրավորվել։ Նշված հանցագործությունը կատարելու համար սեպտեմբերի 15-ին որոշում էր կայացվել որպես մեղադրյալ ներգրավել Ա. Բլբուլյանին, Ա. Կարադավիդովին եւ Ռ. Խաչատրյանին, եւ նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

2017թ. սեպտեմբերի 22-ին, Ոստիկանության կողմից Ռ. Խաչատրյանը հայտնաբերվել է Կոտայքի մարզում ու բերման ենթարկվել: Իսկ մյուս երկու հետախուզվողները՝ Ա. Բլբուլյանը եւ Ա. Կարադավիդովը 2017թ. հոկտեմբերի 29-ին հայտնաբերվել էին Վրաստանի տարածքում, ինչից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը վրացական կողմին միջնորդություն էր ներկայացրել քրեական հետապնդման ենթարկելու նպատակով նրանց Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ:

Загрузка...