Կառավարությունն ընդառաջում է «Ղեկը աջ» նախաձեռնությանը. մինչեւ դեկտեմբերի 30-ը գնված մեքենաների ղեկը չի փոխվի

46

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նոր օրենքի նախագիծ է մշակում, որով մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը աջ ղեկով ավտոմեքենա գնածները հնարավորություն ունեն մինչեւ 2019 թվականի ապրիլի 1-ը այն բերել Հայաստան: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿՏՏ նախարարության իրավաբանական վարչության պետ Արտաշես Հովսեփյանը:

Մեր հարցին՝ այսինքն, այդ ներկրողների համար խնդիր չկա՞ դրված, որ ղեկային փոփոխություն իրականացնեն, Հովսեփյանը պատասխանեց. «Այո, մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ավտոմեքենա գնածները առանց ղեկը տեղափոխման հնարավորություն ունեն ավտոմեքենան ներկրել»:

Մեր հարցին՝ արդեն նշված ժամկետից հետո աջ ղեկով ավտոմեքենա գնողները կկարողանա՞ն արդյոք առանց ղեկային փոփոխության ավտոմեքենա բերել Հայաստան, թե պետք է ղեկը փոխեն, հետո բերեն, Հովսեփյանը պատասխանեց. «Կամ պետք է պարտադիր փոխեն հետո բերեն, կամ էլ ինչպես վերջերս կառավորության որոշմամբ ընդունվեց՝ մաքսային ընթացակարգ բացեցինք դրա համար` վերամշակում ներքին սպառման համար, որը նույնպես թույլ է տալիս մինչեւ 2019 թվականի մարտի 1-ը ներկրել, բայց արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է ղեկը փոխել»:

Հովսեփյանը նշեց՝ երկրորդ որոշումն արդեն ընդունված է, իսկ առաջինը պետք է կառավարության հավանությանն արժանանա, հետո գնա ԱԺ:

Մեր հարցին՝ այս որոշումը «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին բավարարե՞լ է, Հովսեփյանը պատասխանեց. «Այո, կարծիքները դրական են»:

Հիշեցնենք, որ աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները տարբեր բողոքի ակցիաներ էին իրականացնում թե՛ տրանսպորտի նախարարության դիմաց, թե՛ կառավարության դիմաց եւ թե անգամ Բագրատաշենի անցակետում` պահանջելով չեղյալ հայտարարել աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու արգելքը: Նրանք հանդիպել էին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բողոքողները նշում էին, որ մի քանի հազարի հասնող աջ ղեկով ավտոմեքենաներ կան Վրաստանում, որոնք պետք է հոկտեմբերի 1-ից հետո մտնեին Հայաստան: Երեկ ՀՀ ՏԿՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ սահմանին կուտակված մեքենաները շուրջ 800-ի են հասնում:

Загрузка...