Նորընտիր պատգամավորները ստացան մանդատները, տեսանյութ

30

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն այսօր հանդիսավոր արարողության ժամանակ ստացան իրենց մանդատները՝ առաջին անգամ ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահից, այլ համակարգչային վիճակահանությամբ ընտրված 28 ընտրողներից: Արարողությունը կայացավ հունվարի 10-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:

«Ընտրություններին մասնակցած քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճակահանության արդյունքներով ընտրվել են 28 քաղաքացիներ, ովքեր ընտրողների անունից մանդատները կտրամադրեն նորընտիր խորհրդարանի պատգամավորներին: Ընտրվածների թվում են նաև ամենաերիտասարդ ընտրողներ, ում 18 տարեկանը լրացել է ընտրության օրը: Հրավիրել ենք նաև քվեարկության ամենատարեց մասնակիցներ 103 տարեկան Բավական Փիլոյանին՝ Լոռու մարզից և 99 տարեկան Խաչիկ Գաբրիելյանին՝ Արարատի մարզից»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացավ պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը ստանալու են Հայաստանի եզդի, ռուս, ասորի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչ։ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը կայանալու է հունվարի 14-ին:

 

Նյութի աղբյուր ՝ civilnet.am

Загрузка...