ՆԱՍԱ-ի արբանյակը 3 արտամոլորակ է հայտնաբերել

62

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) Transiting Exoplanet Survey Satellite (TESS) արբանյակն իր աշխատանքի առաջին եռամսյակում Արեգակնային համակարգից դուրս գտնվող երեք արտամոլորակ է հայտնաբերել:

Ինչպես նշվում է nasa.gov կայքում, հայտնաբերված առաջին մոլորակն իր չափով կրկնակի գերազանցում է Երկրին ու կոչվում է Pi Mensae c: Յուրաքանչյուր վեց օրը մեկ այն ամբողջական պտույտ է կատարում իր չափերով ու ձևով Արևին նման Pi Mensae աստղի շուրջ:

Հաջորդ մոլորակը կոչվում է LHS 3884b: Այն ունի քարքարոտ մակերևույթ ու 1,3 անգամ մեծ է Երկրից՝ մեզնից գտնվելով 49 լուսային տարի հեռավորության վրա: Այն պտտվում է Արևի 1/5-րդ մասը կազմող գաճաճ աստղի շուրջ: Մոլորակն իր ուղեծրի շուրջ պտտվում է ամեն 11 ժամը մեկ: Մոլորակն այնքան մոտ է աստղին, որ ցերեկային ժամերին դրա մակերևույթի քարերը հալչում են՝ վերածվելով շիկացած լավայի:

Երրորդ մոլորակը կոչվում է HD 21749b: Այն Երկրից 53 լուսային տարի հեռավորության վրա է: Մոլորակը Երկրից 3 անգամ մեծ է ու 23 անգամ ավելի ծանր: Այն իր աստղի շուրջ ամբողջական պտույտ է կատարում 36 օրում: Մոլորակի մակերևույթին ջերմաստիճանը Ցելսիուսի սանդղակով 150 աստիճան է:

Загрузка...