Աղբահանություն,. Նոր տրանսպորտային ցանց. ընդունվեց Երևանի 2019-2023 թթ․-ի զարգացման ծրագիրը

70

Երեւանի ավագանին իր այսօրվա՝ դեկտեմբերի 25-ի նիստում հաստատեց Երեւանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագիրը:

Հարցը ներկայացրեց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: Նա նշեց, որ համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության եւ առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական եւ մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, որը նախատեսում է ռազմավարական կտրվածքով համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծումը:

Երեւանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի հիմնական նպատակն է՝ նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները, որոնք փաստաթղթում ներկայացված են ըստ առանձին ոլորտների։

«Ծրագրում առանձին բաժիններով ներկայացված են Երեւանի ընդհանուր եւ Երեւանի սոցիալ-տնտեսական վիճակի նկարագրությունը: Ծրագրի կառուցվածքում առանձին ներկայացված են քաղաքային տնտեսության ոլորտները եւ Երեւանի վարչական շրջանները։ Յուրաքանչյուր բաժին հիմնականում բաղկացած է հետեւյալ ենթաբաժիններից՝ «Վիճակի բնութագիր», «Հիմնախնդիրներ» եւ «2019-2023 թվականների նախատեսվող ծրագրեր»։

Առաջիկա 5 տարիների ծրագրերն ու միջոցառումները կազմվել են՝ հիմք ընդունելով մայրաքաղաքի զարգացման գերակայությունները, առկա հիմնախնդիրները եւ ֆինանսավորման հնարավորությունները։

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է վերջնականապես լուծել մայրաքաղաքի աղբահանության եւ, ընդհանրապես, կենցաղային կոշտ թափոնների կառավարման խնդիրները՝ նոր եւ ժամանակակից լուծումներով:

Քաղաքաշինության ոլորտում միասնական մոտեցումների ձեւավորումը եւ քաղաքային զարգացման քաղաքաշինական ռազմավարության մշակումը ծրագրով նախատեսված առաջնային եւ անհետաձգելի քայլերից են:

Հասարակական տրանսպորտի համակարգային բարեփոխումները, ոլորտի ամբողջական արդիականացումը եւ ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրումը 2019-2023թթ. հնգամյա ծրագրի գերակա ուղղություններից է:

Ծրագրով նախատեսվում է բնակարանային-կոմունալ ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը եւ կառավարման մարմինների նկատմամբ բնակիչների վստահության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացում:

Նախատեսվում է խիստ վերահսկողության տակ պահել բնապահպանության ոլորտը՝ բացառելով հանրային կանաչ տարածքների հաշվին կառուցապատման արդյունքում կանաչ տարածքների ոչնչացումը: Ծրագիրը նաեւ նախատեսում է իրականացնել նպատակային ծրագրեր կանաչապատման նոր մոտեցումների կիրառման միջոցով:

Գերակա ուղղություններից է լինելու առողջապահության եւ սոցիալական ապահովության համակարգերի բարելավումը, Երեւան քաղաքում կրթական համակարգի որակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Հասցեական եւ նպատակային ծրագրեր կիրականացվեն մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման նպատակով:

Երեւանի զարգացման հնգամյա ծրագրի առանձին ոլորտ է հանդիսանում «Խելացի Երեւան» ծրագիրը, որով կարեւորվում է կառավարման օպտիմալացումն ու ծառայությունների որակի բարելավումը, նոր տեխնոլոգիաների լայն կիրառությանը։

Երեւանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրով քաղաքային տնտեսության զարգացման գործում մեծ կարեւորություն է տրվում համայնք-մասնավոր հատված համագործակցությանը եւ համատեղ իրագործվող ծրագրերի շրջանակի ընդլայնմանը։

Երեւանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի եւ տարեկան բյուջեի կառավարման խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 2018 թվականի նոյեմբերի 14-ի նիստի դրական եզրակացությամբ «Երեւանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի հաստատման մասին» Երեւան քաղաքի ավագանու որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացվել է հանրային քննարկումների:

Հաշվի առնելով վերոնշյալը եւ 2018թ. սեպտեմբերի 23-ին անցկացված Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները՝ մշակվել է Երեւանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի նախագիծը:

Загрузка...