Կառավարությունը որոշում ընդունեց. պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաները կտրամադրվեն պետական հավաստագրերի միջոցով

105

Կառավարությունը քննարկեց  Հայաստանի Հանրապետության կառավարության «2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագիծը։

Հիմնական զեկուցողն էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը, ով նշեց, որ նախագծով առաջարկվում է հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաները, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցները տրամադրել պետական հավաստագրերի միջոցով:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե քաղաքացիների կյանքում այս որոշումն ի՞նչ շոշափելի փոփոխություն կբերի, հաշվի առնելով այն, որ տարածված տեսակետ կա, թե պետության կողմից տրամադրվողի որակը զիջում է շուկայում առկա նմանատիպ այլ ապրանքներին։

Ի պատասխան Փաշինյանի՝ Մանուկյան ասաց, որ յուրաքանչյուր պետական հավաստագիր իր արժեքն ունի․ «Օրինակ՝ սայլակների պարագայում մենք ֆիքսել ենք, որ 95 հազար դրամ է։ Երբ գնում է ծառայություն մատուցող  ընկերություն, շահառուն տեսնում  է ապրանքներ, որոնք սկսում են 55 հազար դրամից և  հասնում մինչև 900 հազար դրամ։ Այս 95 հազար դրամն ընտրվել է նրա համար, որ իր ֆունկցիոնալությամբ բավարարի։ Սակայն, եթե նա ցանկանում է 150 հազար դրամանոց, ապա 95 փոխհատուցում է պետությունը, իսկ մնացյալը կարող է ավելացնել շահառուն»,- մանրամասնեց նա՝ նկատելով, որ տարեկան միջինում 450 հազար անվասայլակ է տրամադրում պետությունը։

Նախագծով հաշմանդամություն ունեցող անձիք կարող են ընտրել այն կազմակերպությունը, որից ծառայություն են ստանում:

Արդարադատության  նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյան էլ հետաքրքրվեց․ «95 հազար դրամի հավաստագրով շահառուն կարո՞ղ է ընտրել, օրինակ՝ 55 հազար դրամանոց անվասայլակ, իսկ մնացած գումարին վերցնել այլ սարքավորում»։

Մանուկյանն էլ պատասխանեց՝ ասելով, թե կարող է վերցնել ապրանքներ, որը կսպասարկի այդ անվասայլակին, բայց չի կարող վերցնել այլ իր կամ գումարը։

Ի վերջո, նախագիծն ընդունվեց, իսկ վարչապետի պաշտոնակատարն էլ արձանագրեց, որ ընդունվեց նախագիծ, որը շահառուների կյանքում շեշտակի փոփոխություն պետք է բերի։

«Այսօր էլ Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարական եմ տվել, որ ամեն օր մեր օրակարգի առաջին կետը պետք է լինի այն, որ մեր համակարգերում ներկայացնեն որոշումներ, նախագծեր, որոնց արդյունքում կարող ենք արձանագրել, որ մարդկանց կյանքում կոնկրետ տեղի է  ունենում փոփոխություն»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Загрузка...