Սպիտակի երկրաշարժից 30 տարի անց. արդյոք բնակարան ստանալու հույս կա

16

Շիրակի մարզի Սպիտակի աղետալի երկրաշարժից 30 տարի անց դեռ կան ընտանիքներ, որոնք բնակարանով ապահովված չեն: Ընտանիքների մի մասը սպասում է  բնակարանների ձեռք բերմանը, բայց որոշ ընտանիքների համար, որոնք թեեւ ցուցակում են, բնակարան ձեռք բերելու հույսն անիրական է:

Ընդհանուր առմամբ, երկրաշարժի արդյունքում մարզում ոչնչացվել կամ վերականգնմանը ենթակա չի եղել 22 678 բնակարան եւ տուն, եւս 433 բնակարաններ վերանորոգման ենթակա բնակարաններ են ճանաչվել:

1989-2017 թվականներին մարզում տարբեր ծրագրերով եւ բյուջետային միջոցներով կառուցվել է 17085 բնակարան, եւս 6048 բնակարան եւ տներ ձեռք են բերվել «Վաուչերներ՝ բնակարան ձեռք բերելու համար» ծրագրի շրջանակներում:

Պետության հետ միասին (մարզում 4800 բնակարաններ կառուցվել են 1989-1992 թթ.-ին) տարբեր հիմնադրամներ եւ կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Համաշխարհային բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, «Լինսի», «Հանթսման» եւ «Ուրբան» հիմնադրամները, մասնակցել են աղետի գոտու բնակիչներին բնակարանով ապահովելու գործում:

«Մինչեւ 2008 թվականը տներից զրկված անձանց բնակարանային ապահովման սկզբունքներն այլ էին, քան հիմա: Այսինքն, Գյումրիում սեփական տների բնակիչները նույնպես բնակարաններ ստանալու իրավունք ունեին: 2008-ին կառավարությունը փոփոխություն կատարեց 1999 թ. թիվ 432 որոշման մեջ, եւ պետությունը որոշեց, որ  բնակարաններով կապահովվեն միայն բազմաբնակարան շենքերի բնակիչները: Քաղաքում սեփական տներ կորցրածները ավտոմատ դուրս էին եկել շահառուների ցուցակից», -զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

Հետաքրքիր է, որ այս որոշումը չի տարածվել սեփական տներ կորցրած գյուղացիների վրա: Չնայած նման մոտեցման ակնհայտ անարդարությանը, տներից զրկված բնակիչների նկատմամաբ պետության պարտավորությունները դադարել են, իսկ գյուղացիների նկատմամբ՝ ոչ: Արդյունքում մարզոմ ծրագիրը շարունակվում է, իսկ Գյումրիում պետությունը պաշտոնապես ավարտել է իր պարտավորությունները: Ճիշտ է, վերը նշված անձանց ցուցակից չեն հանել, սակայն բնակարաններ նրանք չեն ստանա, մինչեւ որ 432 որոշումը չվերանայվի: Այժմ ցուցակում կա 94 նման ընտանիք:

Վերջին վերահաշվարկը կատարվել է 2008 թ.: 432 որոշման համաձայն, պետությունը դադարեցնելու է բոլոր պարտավորություններն այն անձանց նկատմամբ, ովքեր մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 1-ը հաշվառման համար չեն դիմել:

«Այդ մարդիկ ցուցակում են, բայց ծրագրի ավարտի հույսեր չկան: Այսպիսով, Գյումրիում այդ ծրագրով շահառուներ չկան: Բայց վերջերս, կառավարության հանձնարարությամբ, մենք այդպիսի ընտանիքների մասին համայնքներից նոր տվյալների մասին հարցում պահանջեցինք, տեղեկատվությունը փոխանցեցինք Տարածքային կառավարման նախարարությանը:

Առայժմ խոսքը որեւէ պարտավորության մասին չէ, բայց փորձ է արվում իրավիճակը պարզել: Ընդ որում, խոսքը ոչ միայն երկրաշարժից տուժածների մասին է: Մարզում բնակարան չունեցող 4391 ընտանիք կա, այդ թվում նաեւ փախստականների ընտանիքներ: Հնարավոր է խնդիրը լուծվի սոցիալական տների կառուցմամբ՝ առանց սեփականության իրավունքի», – ասաց վարչության պետը:

«Բայց ինչ վերաբերում է  94 ընտանիքներին, ովքեր կառավարության որոշման «շնորհիվ» բնակարան ստանալու իրավունք են կորցրել, դա աբսուրդ է: Նույն վիճակում հայտնված գյուղերի բնակիչները սպասում են բնակարանների: Մենք բազմիցս բարձրացրել ենք այս հարցը: Սակայն դեռ անարդյունք: Մեզ ասում են,  սպասեք այս ծրագրի ավարտին: Բայց չկա երաշխիք, որ մեկ ուրիշը կլինի: Գյումրիում ծրագիրը ավարտվել է, բայց մարզում՝ դեռ ոչ: Լոռիում դեռեւս 3 տարի նախատեսվում է:

Եվ միայն մի քանի տարի անց, երբ ծրագիրը կավարտվի, իշխամությունները կվերադառնան այն ընտանիքների հարցին, որոնք անարդար որոշման հետեւանքով դադարել էին ծրագրի շահառուներ լինել», – ասաց Ալբերտ Մարգարյանը:

Загрузка...