Դեմոկրատները մտադիր են պաշտոնական դիրքի չարաշահման հարցով հետաքննություն սկսել Թրամփի դեմ

66

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամները մտադիր են հետաքննել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իշխանական դիրքի հավանական չարաշահման դեպքերը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ խոսքն այն դեպքերի մասին է, որոնք վերաբերում են նախագահի կողմից Amazon ինտերնետ ընկերությանը, The Washington Post պարբերականին ու CNN հեռուստաալիքին «պատժելուն»:

Կոնգրեսական Ադամ Շիֆը պատմել է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հետախուզության հարցերով հանձնաժողովի միջոցով կփորձի պարզել՝ արդյոք Թրամփն իշխանական դիրքի չարաշահում է թույլ տվել Amazon-ին ու իրեն քննադատող մեդիայի ներկայացուցիչներին պատժելու համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ Շիֆը հունվարին կստանձնի Հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այժմ, երբ դեմոկրատները մեծամասնություն են կազմում Ներկայացուցիչների պալատում, կարող են նախագահի դեմ հետաքննություն սկսել ու պահանջել, որ նա ցուցմունք տա:

Շիֆն ու իր կուսակիցներն այն կարծիքին են, որ Թրամփն օգտագործում է իշխանությունն Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին պատժելու համար: Նշվում է, որ նախագահը գաղտնի հանդիպում է ունեցել ԱՄՆ փոստային ծառայության ղեկավար Մեգան Բրենանի հետ՝ համոզելով բարձրացնել Amazon-ի համար փոստային հարկը:

Հատկանշական է, որ Թրամփը սուր քննադատության է ենթարկել The Washington Post-ին, որը պատկանում է Բեզոսին:

«Կարծես նախագահը փորձում է իր իշխանությունն օգտագործել Բեզոսին ու The Washington Post-ին պատժելու համար: Բացի այդ, Կոնգրեսը դեռևս պետք է պարզի՝ արդյո՞ք Թրամփը փորձել է արգելափակել AT&T-ի և Time Warner-ի միավորման գործարքը, որպեսզի վրեժ լուծի Time Warner-ի դուստր ընկերություն CNN-ից»,-ասել է Շիֆը:

Հիշեցնենք, որ Թրամփը բավականին բարդ հարաբերություններ ունի CNN-ի հետ: Նախագահը լրատվամիջոցին մեղադրում է իր վերաբերյալ «կեղծ լուրեր» տարածելու, «ազգի դավաճան» լինելու համար:

Загрузка...