Թուրք-սիրիական սահմանին բախում է տեղի ունեցել թուրքական ԶՈւ-ի ու քուրդ զինյալների միջև

88

Թուրքիայի և Սիրիայի սահմանին այս գիշեր բախում է տեղի ունեցել քրդական զինված ջոկատների ու թուրքական ԶՈւ-ի միջև, հաղորդում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Նշվում է, որ քուրդ զինյալները հրթիռ են արձակել սիրիական Թել Աբյադ շրջանից, թուրքական կողմն ի պատասխան ծանր հրետանի է գործի դրել Ուրֆայի Ակչաքալե շրջանի իրենց դիրքերից: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ի հարվածներին հաջորդել է քրդական ջոկատների ևս մի պատասխան:

Օրերս թուրքական ԶՈւ-ն առաջին անգամ գնդակոծել է Մանբիջում քրդական դիրքերը: Այս առնչությամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իլնուր Չևիկն ասել է. «Սա զգուշացում է: «Բարեկամական ուղերձ» ԱՄՆ-ին, որը շարունակում է չստիպել տարածքում իրենց ոտքը պնդացրած քուրդ զինյալներին հեռանալ այստեղից: Թուրքիան այս ուղերձները հղել է նաև Աֆրինում ու արել այն, ինչ պետք էր: Հիմա հերթը Մանբիջինն ու Եփրատի արևելյան ափինն է»:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողություն ձեռնարկել Սիրիայի հյուսիսում քրդական ջոկատների դեմ, մասնավորապես՝ Եփրատ գետի արևելյան ափին:

Загрузка...