Հայկական բեռնատարները 2-3 ժամ փակել են Բագրատաշենի անցակետը․ նրանք բողոքում էին Վրաստանի կառավարության նոր որոշման դեմ

183

Հայաստանից մի քանի տասննյակ բեռնատար մեքենաների վարորդներ 2-3 ժամով այսօր՝ կեսգիշերն անց, փակել են  Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը՝ այսպիսով իրենց բողոքը հայտնելով Վրաստանի կառավարության որոշման դեմ, որով արգելվում է Վրաստանի տարածքով հացահատիկի փոխադրումն ավտոմոբիլային ճանապարհներով։ Այս մասին զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը։

«Կեսգիշերն անց բեռնատարների վարորդները 2-3 ժամով փակել են մաքսային անցակետը, եւ ակցիայի նպատակը Վրաստանի կառավարության այդ որոշման դեմ բողոքելն է։ Մաքսային անցակետում էլ առանց խոչընդոտման թույլ են տվել իրականացնել ակցիան, որովհետեւ նպատակը չի եղել մաքսատան աշխատանքները խոչընդոտելը»,-ասաց ՊԵԿ մամուլի  խոսնակը՝ նշելով, որ այս պահին անցակետը բաց է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի եւ որոշ հացահատիկային կուլտուրաների  ներկրումը, ինչի հետեւանքով կարող է Հայաստանում թանկանալ ցորենը եւ հացը:

Փոխադրումները  պետք է իրականացվեն ջրային, այնուհետեւ երկաթուղային ճանապարհով։ Այս որոշումն ուղղված է Վրաստանի տարածքով  տվյալ տեսակի բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր երկրներին։

Առաջարկվող ճանապարհով դեպի Հայաստան նշյալ կուլտուրաների փոխադրումների սակագների բարձրացումը կանխելու նպատակով՝ Հարավկովկասյան եւ Վրացական երկաթուղիների ղեկավարների միջեւ ընթանում են բանակցություններ։

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Վրացական երկաթուղին մեր փոխադրողների համար կկիրառի զեղչային համակարգ, ինչի արդյունքում ակնկալվում է, որ փոխադրումների գինը չի բարձրանա։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ու «Վրացական երկաթուղի» ԲԸ համատեղ որոշման համաձայն, 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ – Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով

 

Загрузка...