Ջրհեղեղ Աթենքում, վնասվել են բազմաթիվ ավտոմեքենաներ (լուսանկարներ, տեսանյութ)

256

Երեկ Հունաստանի մայրաքաղաք Աթենքի հյուսիսային հատվածներում հորդառատ անձրևներ են տեղացել, որոնց հետևանքով հեղեղվել են քաղաքի արվարձանները:

Ինչպես նշում է Metro-ն, անվտանգության նկատառումներով ոստիկանությունը փակել է Կիֆիսիա և Նեա Էրիթրեա արվարձանների ճանապարհները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Աթենքի փրկարար ծառայությունը շուրջ 140 ահազանգ է ստացել քաղաքացիներից՝ հեղեղված տներից ջուրը դուրս բերելու օգնության խնդրանքով:

Իշխանությունների հաղորդմամբ՝ ջրհեղեղի հետևանքով զոհեր և տուժածներ չկան. վնասվել է մի քանի տասնյակ ավտոմեքենա և մոտոցիկլետ:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Հունաստանում՝ Աթենքից արևմուտք ընկած հատվածում, զանգվածային անտառային հրդեհ է բռնկվել, որի պատճառով մարդիկ ստիպված են եղել փախչել տներից: Հրդեհը բռնկվել է հունական մայրաքաղաքից 55 կմ արևմուտք ընկած շրջանում: Կրակից բարձրացող ծխի ամպերը տեսանելի են եղել Աթենքի Ակրոպոլիսի և Պարթենոնի տաճարի վերևում: Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հունաստանի Ատտիկա և մյուս շրջաններում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում թեժ գիծ է գործում:

Հունաստանի իշխանությունները պետական ներդրումային ծրագրից 20 մլն եվրո են հատկացրելանտառային հրդեհների հետևանքով տուժածների օգնության համար: Բացի այդ, հունական կառավարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկել հրդեհների հետևանքով տուժածներին օգնելու համար:

 

Загрузка...