Մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն և բարեկեցություն. նախագահի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ

175

Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նախագահի շնորհավորական ուղերձի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Սահմանադրության օրն է: Միևնույն ժամանակ, այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշների օրը, ինչը կրկնակի տոնական ու կարևոր է դարձնում այսօրվա խորհուրդը: Պետական խորհրդանիշները բացարձակ արժեքներ են, որոնց նշանակության գիտակցումը և պատշաճ արժևորումը կարևոր նշանակություն ունեն երկրի այսօրվա և վաղվա օրվա համար:

Սահմանադրությունը համարվում է երկրի օրինականության խորհրդանիշ: Սակայն յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ և, միաժամանակ, օրենքով պաշտպանված քաղաքացին է:

Սահմանադրությունն այն հիմնարար փաստաթուղթն է, որը որպես մեր անկախության և հետագա զարգացման երաշխիք, ամրագրում է իրավունքի գերակայության, օրինականության, արդարության և ժողովրդի իշխանության վրա հիմնված արժեհամակարգը մեր երկրում:

Վերջին շրջանում պետական շինարարության մեջ կատարվող քայլերը նույնպես հենվում են երկրի հիմնական օրենքի այդ տրամաբանության վրա:

Սահմանադրության հերթական տարեդարձի օրը մենք կարող ենք հպարտությամբ արձանագրել ոչ միայն ինքնիշխան, զարգացող, ժողովրդավարության ուղին ընտրած Հայաստանի Հանրապետության աներկբա գոյության փաստը, այլև միջազգային ասպարեզում նրա աճող վարկանիշի առկայությունը:

Այն շարունակաբար բարձրացնելը բոլորիս իրավունքն ու պարտականությունն է, և առհասարակ մեր բարոյական պարտքն է հայրենիքի հանդեպ:

Սահմանադրական արժեքները կարող են ապրող իրողություն դառնալ այն դեպքում. երբ մեզանից յուրաքանչյուրն իր ներսում այդ արժեքների կրողը լինի:

Սահմանադրությունը իրավունքի ու պարտականության օրինական սահմանն է: Այն, ըստ էության, զատում է թույլատրելին անթույլատրելիից, ուրվագծում այն իրավական դաշտը, որին ենթակա են նաև մեր բարոյական օրենքները:

Պետք է մտածել ու գործել ի շահ երկրի, օգտվել Սահմանադրությամբ ընձեռված հնարավորություններից և պաշտպանել Սահմանադրությունը:

Ու այդժամ, երկիրը կդառնա ավելի լավը, երկրի քաղաքացին` ավելի վստահ, երկրի իշխանությունը` ավելի պատասխանատու և ավելի վստահելի:

Սահմանադրությունը և ժողովրդի կամքը փոխկապակցված են իրար: Այսօր ժողովուրդն է իր կյանքի, պետության զարգացման օրակարգի լիարժեք ձևավորողը:

Այդ օրակարգը պետք է զերծ լինի զգացմունքի գերակայությունից և կյանքի կոչվի Սահմանադրության նկատմամբ հարգանքի հենքի վրա` որպես ազատ, ժողովրդավարական և ուժեղ Հայաստանի գրավական:

Միասին պետք է շարունակենք կառուցել քաղաքականապես ու տնտեսապես ներդաշնակ, քաղաքացու և իշխանության փոխադարձ հարգանքի վրա զարգացող Հայաստանը:

Իրավունքի, օրենքի ու արժանապատվության երաշխավորմամբ ապրելը պետք է լինի ոչ թե երազանք, այլ՝ իրականություն: Որովհետև Սահմանադրությամբ և օրենքներով ապրելը ոչ թե սոսկ անհրաժեշտություն և պարտականություն է, այլ` ազատ մարդկանց առավելությունը, ովքեր գիտեն իրենց և այլոց իրավունքների արժեքը:

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն և բարեկեցություն»:

Загрузка...