Միքայել Մելքումյանը՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում ստուգումներ իրականացնելու մասին

325
Օրերս ԱԱԾ-ն և ՊԵԿ-ը ստուգումներ են սկսկել բոլոր ձեռնարկություններում, արդյո՞ք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում ևս կատարվել են ստուգումներ, հարցին ի պատասխան Slaq.am-ի հետ զրույցում Ծառուկյան դաշինքից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ այս պահին որևէ տեղեկություն չունի. «Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում ինչպես նախկինում՝ 2015 թվականից առաջ, այնպես էլ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի օրոք մանրակրկիտ բոլոր ձեռնարկությունները ուսումնասիրությունների են ենթարկվել, որտեղ որևէ խախտում չի հայտնաբերվել: 2016 թվականից հետո՝ այն ժամանակվա իշխանությունների ժամանակ, գրավիչ պահ էր, որպեսզի թերություններ լինեին, բայց ինչպես տեսանք՝ որևէ բան չհայտնաբերվեց, բոլոր ձեռնարկությունները գործել են օրենքի շրջանակներում»:
 
Միքայել Մելքումյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ որևէ մտավախություն չունի, թե իրեն պատկանող ձեռնարկություններում երբ ստուգումներ կանցկացվեն. «Ծառուկյանին պատկանող բոլոր ձեռնարկություններն աշխատում են շատ թափանցիկ, հաշվետվողական և ռեժիմով»:
 
«Վերջերս նկատվում է , որ տարբել ԶԼՄ-ների միջոցով ուղղորդված, սուբյեկտիվ և տգետ քաղաքականություն է վարվում՝ ուղղորդելու, թե ինչու պետք է չստուգվի Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները: Այո, մենք կարծում ենք, որ բոլոր ձեռնարկություններում էլ պետք է ստուգումներ իրականացնել: Օրինակ՝ վառելիքի շուկայում ովքերն են ունեցել արտոնություններ, այսօրվա բենզալցակայանները՝ «SPC»՝ 60 տոկոս, «Ֆլեշ»՝ 34 տոկոս, «MAX OIL PETROL»` 6 տոկոս, թող այդ բոլոր ձեռնարկություններում սկսեն ստուգումներ : Օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ևս ստուգումներ սկսկեն , որտեղ, եթե չեմ սխալվում, եղել է բաժնետերերի հետ կապված փոփոխություններ»,- ավելացրեց ԱԺ փոխնախագահը:
 
«Ուզում եմ վերահաստատել, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններին արտոնություն չի տրվել , թող գնան ստուգեն այն ընկերությունները, որոնք ունեցել են քաղաքական իշխանության աջակցություն: Երբ ասում ենք օլիգարխ՝ մենք հասկանում ենք, որ տվյալ խոշոր գործարարը օգտվում է նաև քաղաքական իշխանության կողմից տրված արտոնություններից : Մեկ անգամ չէ որ ասում եմ, որ քաղաքական իշխանության մոդելը այն է եղել, որ քաղաքական ամենաբարձ կետերից տրվել են արտոնություններ և ձևավորվել է օլիգարխի տնտեսական մոդել, որոնք այդ կետերից տրված արտոնություններից օգտվելով՝ ստացել են գերշահույթ, թող հիմա ստուգումների միջոցով տեսնեն՝ գերշահույթներ եղել են, թե՝ ոչ»- մեզ հետ զրույցում հավելեց Միքայել Մելքումյանը:
 
 
Դշխուհի Իսոյան
Загрузка...