14 ախտանշան, որոնք կարող են վկայել ցրված սկլերոզի մասին

448

Ցրված սկլերոզն ամենաբարդ հիվանդություններից մեկն է, քանի որ այդ ոլորտում դեռ շատ անհասկանալի բան կա, իսկ հիվանդության զարգացումն իրական հանելուկ է նյարդաբանների համար:

Որոշ դեպքերում ցրված սկլերոզն ախտորոշելը բավական բարդ է լինում, մինչդեռ շատ այլ դեպքերում հիվանդությունն ուղեկցվում է այնքան ակնհայտ ախտանշաններով, որ ախտորոշումը բժիշկների համար ոչ մի բարդություն չի ներկայացնում:

Հայտնի է, որ կանայք ավելի հաճախ են տառապում այդ հիվանդությունից: Սովորաբար ցրված սկլերոզը զարգանում է 20-40 տարեկան անձանց մոտ:

Ցրված սկլերոզի հիմնական ախտանշանները

Ստորև ներկայացված են ցրված սկլերոզի հիմնական ախտանշանները: Հարկավոր է շատ ուշադիր լինել ինքնազգացողության հանդեպ և ախտանշաններից մի քանիսի առկայության դեպքում շտապ խորհրդակցել մասնագետի հետ:

Բացի այդ, հարկ է հիշել, որ այս ազդանշաններն, իհարկե, կարող են լինել նաև այլ հիվանդությունների կամ խանգարումների ախտանշան, սակայն միաժամանակ մի քանի ախտանշանի առկայությունն արդեն իսկ անհանգստանալու լուրջ պատճառ է:

1.      Թուլություն

Ցրված սկլերոզն առաջացնում է թուլություն ու դանդաղկոտություն: Սա կարող է պայմանավորված լինել ոտքերի հոգնածությամբ, ինչի հետևանքով հիվանդը դժվարանում է շարժվել: Եթե ակտիվ մարդը հանկարծակի սկսում է առանց պատճառի թուլություն զգալ, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

2.      Հավասարակշռության խանգարում

Այս ախտանշանն արտահայտվում է քայլելիս ոտքերում առաջացող դողով և մարդը սկսում է կորցնել հավասարակշռությունը: Սակայն մինչ անհանգստանալը, հարկավոր է համոզվել, որ հավասարակշռության կորուստը պայմանավորված չէ որևէ այլ հիվանդությամբ:

3.      Կոորդինացիայի խանգարում

Սա առաջին հերթին ազդում է վերջույթների վրա: Օրինակ՝ մարդն ուզում է ձգել ձեռքը կամ ոտքը, սակայն այն չի «ենթարկվում»: Վերջույթները դադարում են կատարել գլխուղեղի տված հրահանգները, իսկ մարդու քայլվածքը դառնում է անկայուն ու տարօրինակ:

4.      Ձեռքերի շարժումների կառավարման կորուստ

Սա ցրված սկլերոզի առաջին ախտանշանն է, որը չնկատելը հնարավոր չէ: Այս դեպքում հիվանդի համար դժվար է լինում ձեռքում որևէ բան պահելը և նա ցանկության դեպքում անգամ չի կարողանում այն վերցնել:

5.      Մկանային սպազմներ

Ցրված սկլերոզը կարող է առաջացնել մկանային լարվածություն, որն ուղեկցվում է ցավով ու ջղաձգումներով: Սակայն այս ախտանշանը կարող է առաջանալ նաև այլ հիվանդությունների դեպքում (օրինակ՝ շաքարային դիաբետ), ուստի այս դեպքում հարկավոր է խորհրդակցել շատ փորձառու մասնագետի հետ:

6.      Տեսողության հետ կապված խնդիրներ

Սա ցրված սկլերոզի ամենաակնհայտ ախտանշանն է, որը կարող է արտահայտվել.

·         Աչքերի ակամա շարժումներով,

·         Աղոտ տեսողությամբ,

·         Նևրիտով,

·         Առարկաներն աչքին զույգ երևալով,

·         Իսկ հազվադեպ նաև տեսողության կորստով:

7.      Զգայարանների աշխատանքի խանգարում

Այս ախտանշանը կարող է արտահայտվել սարսուռով, թմրածությամբ և նույնիսկ քորով: Այս ախտանշանները հատուկ են նաև արյան շրջանառության լուրջ խանգարումներին, ուստի նման խնդիրների առկայության դեպքում հարկավոր է հետևել դրանց հաճախականությանն ու փորձել պարզել առաջացման պատճառը:

8.      Խոսքի խանգարումներ

Այս հիվանդության դեպքում մարդիկ դժվարանում են գտնել անհրաժեշտ խոսքերը, իսկ նրանց խոսքը դանդաղում է: Հիվանդի համար շատ դժվար է լինում մարդկանց հետ զրուցելը և սեփական մտքերը պարզ ու հստակ արտահայտելը:

9.      Հոգնածություն

Հոգնածությունն ու թուլությունը նույնպես կարող են լինել ցրված սկլերոզի ախտանշան: Հիվանդը կորցնում է լավատեսությունը, դառնում է անտարբեր և դժվարանում է լուծել ամենօրյա խնդիրները, որոնք նախկինում բարդ չեն եղել:

10.  Էնկոպրեզ (կղանքի անպահություն) ու անմիզապահություն

Հիվանդության զարգացման հետևանքով մարդը չի կարողանում վերահսկել մեզն ու արտաթորանքը պահող սֆինկտերների աշխատանքը, ինչն ուղեկցվում է հետևյալ ախտանշաններով.

·         մեզի և կղանքի անպահություն ամենաանհարմար պահերին,

·         միզելու հաճախակի ցանկություն,

·         գիշերայն հաճախամիզություն (ախտանշան, որը հատուկ է նաև շաքարային դիաբետին):

11.  Սեռական բնույթի խանգարումներ

Ցրված սկլերոզը կարող է հանգեցնել սեռական ցանկության բացարձակ անհետացման: Տղամարդկանց դեպքում հիվանդությունը կարող է արտահայտվել վաղաժամ սերմնաժայթքմամբ: Կանայք դադարում են վարել ակտիվ սեռական կյանք, քանի որ դադարում են հաճույք ստանալ սեռական ակտից, իսկ արտազատվող քսուքի քանակությունը նվազում է:

12.  Մտավոր կարողությունների վատթարացում

Ցրված սկլերոզի դեպքում խանգարվում է կարճաժամկետ հիշողությունը, մարդը դժվարանում է կենտրոնացնել ուշադրությունը, վերլուծել և տրամաբանորեն մտածել: Ի վերջո՝ հիվանդները կորցնում են իրավիճակը վերլուծելու կարողությունը, չեն հասկանում հասարակ բաները և սկսում են իրենց անօգնական զգալ՝ հասարակ կենցաղային հարցերը լուծելիս:

13.  Դող

Ցրված սկլերոզը կարող է արտահայտվել նաև ակամա մկանային կծկումներով ու սպազմներով, ինչի հետևանքով մարդու մոտ առաջանում է դող, որը նման է ցրտից առաջացած դողին:

14.  Մաշկի մեջ խրված ասեղների զգացողություն

Վերոնշյալ ախտանշաններից բացի, ցրված սկլերոզի դեպքում մարդկանց մոտ առաջանում է ևս մի շատ տհաճ զգացողություն՝ մաշկի մեջ խրված ասեղների և ծակծկոցի զգացողություն: Սա, թերևս, հիվանդության ամենատհաճ ու ցավոտ ախտանշանն է: Հիվանդին թվում է, թե իր մաշկի մեջ ասեղներ և այլ սուր առարկաներ են խրվում, ինչը սաստիկ ցավ է առաջացնում:

Ցրված սկլերոզն արտահայտվում է բազմաթիվ ախտանշաններով, որոնք կարող են զգալիորեն վատացնել հիվանդի կյանքի որակը: Ցավոք՝ մասնագետները դեռ չեն գտել հիվանդության կանխարգելման միջոցը, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել և թույլ չտալ, որ այն սկսի խորանալ:

Ցրված սկլերոզից պաշտպանվելու համար նյարդաբանները խորհուրդ են տալիս առավոտյան ժամերին արևային լոգանք ընդունել՝ վիտամին D-ի դեֆիցիտից խուսափելու համար, քանի որ ցրված սկլերոզից տառապողներից շատերի մոտ մասնագետները հայտնաբերել են նաև վիտամին D-ի դեֆիցիտ:

Նյութի աղբյուրը՝ econet.ru

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ