Կոռուպցիան մարդկության հետ ստեղծվել է, մարդկության հետ էլ կվերանա. Վարդան Բոստանջյան

384

Իմ համոզմամբ՝ կոռուպցիան մարդկության հետ է ստեղծվել,  խորապես համոզված եմ, որ մարդկության հետ էլ կվերանա, եթե վերանալու է: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ,  Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն այսպիսի հայտարարություն է արել «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում՝ անդրադառնալով հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը:

«Ցանկացած երկիր իր զարգացման ու կանոնակարգվածության բարձրացման պարագայում  ու դրա արդյունքում ընդհանրապես հասնում է տարբեր մակարդակի խնդիրների լուծման, այդ խնդիրներից մեկն էլ կոռուպցիայի կանխարգելումն է»,- ասել է Վարդան Բոստանջյանը:

Նա ասել է, որ պետք չէ մտածել, որ մյուս երկրներում, այդ թվում կանոնակարգված ու շատ արդյունավետ կառավարվող երկրներում կոռուպցիան իսպառ, բացարձակապես բացակայում է և միայն ՀՀ-ում կա: ԸստՎարդան Բոստանջյանի՝ այն համատարած կա բոլոր երկրներում և տարբեր երկրներում դրա դեմ պայքարի տարբեր միջոցներ են կիրառում:

«25 տարի կառուցում ենք շուկայական հարաբերություններ, բայց մենք դեռևս գտնվում ենք այդ փուլում ու այդ գործընթացը երկար է տևում:  Այստեղ կարևոր տեղամասերից  մեկն այդ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի հանձնաժողովի ստեղծումն էր: Իհարկե, կարող ենք բարձրաձայնել՝ ինչո՞ւ ուշ, կամ ինչո՞ւ ակնհայտ երևույթների պարագայում մենք ստեղծում ենք լրացուցիչ դժվարություն՝ մարմին ստեղծելու»,-նշել է Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահը:

Նրա կարծիքով՝ ամեն դեպքում, ցանկացած բացասական, հակահասարակական, հասարակության համար ոչ ընկալելի ու ցանկալի երևույթների համար որոշումների սուբյեկտիվությունը բացառելու համար անհրաժեշտ են համապատասխան կառույցներ: Բոստանջյանի խոսքով՝ դա իր ցանկությունը չէ, ամբողջ աշխարհի, համամարդկային զարգացման արդյունքում է առաջանում դրա անհրաժեշտությունը:

«ՀՀ-ում, անկախ այն հանգամանքից, որ  մենք ունենք դատաիրավական համակարգ, ունենք կոռուպցիոն բազմաթիվ երևույթներ, բարձր մակարդակ և այլն, այս ոչ ցանկալի երևույթի ֆիքսացիայի, սրա ամրագրման կամ սրա վերաբերյալ համապատասխան գնահատականների իրականացման առումով մենք չունենք համապատասխան կառույց: Ցանկացած պարագայում այս մարմինները կարող են իրենց վարույթում ընդունել գործեր և առաջնորդվել այդ համապատասխան հիմքերով»,-ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը:

Վարդան Բոստանջյանը նկատել է, որ փաստորեն մինչև այսօր այդպիսի կուռ կառույց չենք ունեցել: Ըստ մշտական հանձնաժողովի նախագահի՝ մեծ հայտնագործություն չի արվել, բոլոր երկրներում գոյություն ունի այդպիսի մարմին:

«Ավելին՝ այստեղ օրինագծի հեղինակը՝ տիկին Հովհաննիսյանը, հանդես է բերել իրավական  հիմքերի ձևավորման հետաքրքիր մոտեցում՝ նաև պայմանավորված մեր երկրի առանձնահատկություններով: Այստեղ սիմբիոզ կարելի է ստեղծել հակակոռուպցիոն մարմնի ստեղծման, ինչի ապացույցը կարող է լինել այն, որ ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը քվեարկեցին այս օրինագծի օգտին»,-ասել է Վարդան Բոստանջյանը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ