Արյան դոնորի միջազգային օրվա առթիվ արյուն հանձնեցին ՀՀ ԱԺ պատգամավորները

444

Արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները արյունատվության ակցիային մասնակցեցին՝ դառնալով դոնոր:

Առողջապահության նախարարության և Ազգային ժողովի համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառմանն առավել ակտիվ էին Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խնդրեց արձանագրել՝ «Այս պահի դրությամբ ակտիվ և պատրաստակամ է  «Ծառուկյան» խմբակցությունը»:

Պատգամավորներից առաջինը արյուն հանձնեց ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանը:  Նաիրա Զոհրաբյանը կատակեց, թե «իշխանության արյունից ինչքան հնարավոր է շատ քաշեն»: Հրայր Թովմասյանը հակադարձեց, թե իր և Նաիրա Զոհրաբյանի արյունը նույն կարգի է՝ 2-րդ դրական և խորհուրդ տվեց Զոհրաբյանի արյունից էլ շատ վերցնել:

Լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Նման միջոցառումները բավականին ողջունելի են, և իրենք՝ պատգամավորները, կարողանում են անմիջական օգնություն ցույց տալ արյան դոնորի կարիք ունեցողներին»:

Հանրապետական կուսակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտարարեց, թե իր արյունը երրորդ դրական է, որը բոլորին տալիս է և միայն նույն կարգից վերցնում: Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ այլևս նման սկզբունքը չի գործում և նույն կարգը նույն կարգին է միայն տալիս:

Օրվա առաջին կեսին արյուն հանձնեցին նաև «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներից Իվետա Տոնոյանը, Վարդևան Գրիգորյանը, Լուիզա Սարգսյանը, Վարդան Բոստանջյանը: ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Մելիքյանը, Կարեն Ավագյանը, Մարգարիտ Եսայանը, Կարեն Բեքարյանը, Հակոբ Հակոբյանը: Արմեն Աշոտյանը պատրաստակամ էր արյուն հանձնել, սակայն չվերցրեցին, քանի որ նա վիրահատության էր ենթարկվել:

Թե ինչով է պայմանավորված, որ քիչ պատգամավորներ են մասնակցում ակցիային, Հրայր Թովմասյանը հույս հայտնեց, որ դեռևս կգան: «Աստիճանաբար կմոտենան, երևի թե, ովքեր չունեն առողջության հետ խնդիրներ: Կան հիվանդություններ, վիրահատություններ, որոնց  պարագայում արյուն տալը հակացուցված է: Հուսով եմ՝ բավական մեծ թվով պատգամավորների դուք կտեսնեք»,- ասաց նա:

Հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ ովքեր չեն եկել, ուրեմն հիվանդ են, Թովմասյանը նշեց, որ ոչ: «Այդ հետևությունն այդքան էլ ճիշտ չէ, միգուցե զբաղված են, կամ հարմար չէ»,-ասաց նա:

Արյուն հանձնեցին նաև լրագրողները:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ