Ծննդատներում մեկնարկել է երեխայի ծննդյան միանվագ նպաստը առցանց դիմումով ստանալու քարոզարշավը

559

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունը ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ մարտի 8-ից ապրիլի 7-ը Հայաստանի ծննդատներում կազմակերպում է լայնածավալ քարոզարշավ։

Նախարարությունից հայտնում են, որ քարոզարշավի նպատակը՝  առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը առցանց դիմումով ստանալու վերաբերյալ երիտասարդ մայրերի շրջանում իրազեկության բարձրացումն է:

Ծառայության աշխատակիցներից եւ կամավորներից  բաղկացած 12 խմբեր արդեն իսկ այցելում են հանրապետության ծննդատներ, մայրերին իրազեկում նոր համակարգի առավելությունների մասին եւ տեղում օգնում նրանց լրացնել ծննդյան միանվագ նպաստ ստանալու առցանց դիմումներ`  ձերբազատելով նրանց սոցիալական ապահովության տարածքային բաժիններ այցելելու անհրաժեշտությունից:

Նոր համակարգի եւ առցանց դիմումի լրացման կարգի վերաբերյալ ծննդատներում տեղադրվում են տեղեկատվական պաստառներ եւ բաժանվում են բուկլետներ։

Հիշեցնենք՝ Սոցիալական ապահովության պետական ծառայությունը 2017թ. հունվարի 1-ից ներդրել է ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվող միանվագ նպաստի տրամադրման առցանց ծառայություն։ Առցանց դիմելու դեպքում գումարը հնարավոր է ստանալ տասը օրերի ընթացքում, անմիջապես բանկային հաշվին փոխանցելու կամ ուղղակի բանկ այցելելու միջոցով (առանց բանկային հաշվի առկայության): Մինչդեռ տարածքային բաժին այցելելու եւ թղթային տարբերակով դիմում ներկայացնելու դեպքում՝ գումարը կարելի է ստանալ մեկ ամսվա ընթացքում։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ