Ժամանակն է, որ ես ապրեմ ոչ թե քաղաքական, այլ անձնական կյանքի կրքերով. Սարկոզին հայտնել է քաղաքականությունից հեռանալու մասին

568

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը հավակնում էր կրկին զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը, պարտվել է փրայմերիզի առաջին փուլում ու դուրս մնացել նախագահական մրցապայքարից:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, Սարկոզիից առաջ են անցել նախկին վարչապետներ Ֆրանսուա Ֆիյոնը, որը, ի դեպ, համարվում է ռուսամետ թեկնածու, և Ալեն Ժուպեն: Նրանք միասին մրցելու են փրայմերիզի 2-րդ փուլում:

Իր աջակիցների առջև ելույթ ունենալու ժամանակ Սարկոզին ընդունել է կրած պարտությունն ու շնորհավորել Ֆիյոնին և Ժուպեին 2-րդ փուլ անցնելու կապակցությամբ: Նա նաև ասել է, որ փրայմերիզի 2-րդ փուլում քվեարկելու է Ֆիյոնի օգտին:

«Ուզում եմ ասել կնոջս՝ Կառլային, և երեխաներիս, որ զգում եմ, թե որքան շատ փորձությունների միջով եմ ստիպել նրանց անցնել: Հեշտ չէ ապրել մի մարդու հետ, որն իր շուրջ այդքան շատ կրքեր է բորբոքում: Ուստի՝ ժամանակն է, որ ես ապրեմ ոչ թե քաղաքական, այլ անձնական կյանքի կրքերով»,- ասել է Սարկոզին՝ հայտարարելով քաղաքականությունից հեռանալու որոշման մասին:

Աղբյուրը նկատում է, որ հաշվի առնելով գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի և իշխող Սոցիալիստական կուսակցության ցածր վարկանիշը՝ 2017թ. կայանալիք նախագահական ընտրություններում, ամենայն հավանականությամբ, հաղթելու է ընդդիմության թեկնածուն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ