Ո՞ւմ էր նեղացրել Հովիկ Աբրահամյանը

725

Ռուսները խիստ ոգեւորված են

ՀՀ արտաքին քաղաքականությանն ու ներքաղաքական գործընթացներին առնչվող նշանակալի իրադարձությունները մշտապես կապվել ու կապվում են Ռուսաստանի հետ: Հովիկ Աբրահամյանի հրաժարականը եւ նրա պաշտոնում «Գազպրոմբանկ»-ի փոխնախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի ընտրության հարցը եւս ասոցացվեց Մոսկվայի որոշման հետ:

Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւի համոզմամբ, օրինակ, Կարեն Կարապետյանի նշանակումը նոր թափ կհաղորդի հայ-ռուսական հարաբերություններին, ու քանի որ Հայաստանում բարդ ներքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակ է՝ «ճիշտ կլինի հետեւել ռուսամետ վեկտորին»: Հիմնավորումը հետեւյալն է. «Հայաստանին դա անվտանգություն կերաշխավորի»: Եվսեեւը համարում է, որ ՀՀ ղեկավարությունը Կարեն Կարապետյանի ընտրության հարցում խորհուրդներ է ստացել Կրեմլից:

ՌԴ Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինն ավելի «պայծառատես» է. «Տպավորություն է, որ վերջին շրջանում ՀՀ-ն ու ՌԴ-ն կանգնած են միասնական պետություն ստեղծելու շեմին, ինչպիսին ստեղծվել է ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ»,- ասել է նա Tert.am-ին տված հարցազրույցում: Ըստ նրա՝ քանի որ նոր վարչապետը ՌԴ-ում լուրջ կապեր ունի՝ «լուրջ հիմք կդառնա տնտեսական ռենեսանսի համար»: Եվ ոչ միայն՝ խոստանում է փորձագետը. «Շուտով առաջընթաց կլինի նոր ունիվերսալ անվտանգության համակարգի ստեղծման ճանապարհին՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Հնարավոր է՝ Հայաստանի հարաբերությունների նորմալացում հարեւանների հետ, նկատի ունեմ՝ Վրաստանի եւ Ադրբեջանի: ՌԴ-ն հատկապես Ադրբեջանի հետ ՀՀ հարաբերություններում որպես միջնորդ է հանդես գալիս: Մոտ ժամանակներում կլինեն հարաբերությունների նորմալացման ուղղությամբ տարվող առավել ինտենսիվ քայլեր»:

Ինչը չներվեց Հովիկ Աբրահամյանին Մոսկվայում

Կարո՞ղ էր Մոսկվան Սերժ Սարգսյանի առջեւ Հ. Աբրահամյանի փոփոխության հարց դնել: Միանգամայն հնարավոր է: Անկախ նրանից, որ Հովիկ Աբրահամյանի կառավարման շրջանը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փուլն էր՝ դրանից բխող բացասական հետեւանքներով, Հայաստանի տնտեսական անկմամբ, այսուամենայնիվ, Հովիկ Աբրահամյանը մի քանի հայտարարություններ էր արել, որոնք կարող էին դուր չգալ ռուսական կողմին:

Նախ՝ անդրադառնանք կառավարության նիստում վարչապետ Հ. Աբրահամյանի վերջին ելույթին, որում նա հայտնեց, որ «որոշել է հրաժարական տալ»: «Մեր որդեգրած անկեղծ եւ իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքն ունեցան, սակայն հասարակությունը դեռեւս մնաց բեւեռացված: Իմ կարծիքով՝ դրա հիմնական պատճառներից մեկն աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական եւ ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնություններն են: Դրանք են, որ դեռեւս հնարավորություն չեն ընձեռում մեզ՝ ժողովելով բոլոր ուժերը, հրատապ լուծումներ տալ մեր առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներին՝ տնտեսական հավասար պայմաններ ապահովելուց մինչեւ կոռուպցիայի դեմ պայքարը»,- նշեց Աբրահամյանը եւ գալով կատարված աշխատանքներին՝ ասաց. «Վերականգնվել եւ էապես արագացել են Իրանի եւ Վրաստանի հետ տարածաշրջանային ինտեգրացիան խորացնող, արտահանման մեծ ներուժ ապահովող բոլոր ենթակառուցվածքային ծրագրերը:

Անդամակցությունը ԵՏՄ-ին հնարավորություն է տվել մեր գործարարներին նվազեցնել արտաքին առեւտրի գործառնական ծախսերը եւ մեղմել 2015թ. տարածաշրջանային տնտեսական շոկերը»: Այնուհետեւ նա շեշտեց. «Հայաստանի տնտեսությունում իրականացավ մեր պատմության խոշորագույն ամերիկյան ներդրումը՝ Որոտանի կասկադ ներդրվեց $180 մլն, որը կապահովի համալիրի վերազինումն ու հուսալի շահագործումը»: Մի կողմից՝ Հ. Աբրահամյանն, իր խոսքում նշում է, որ հենց իր կառավարման շրջանում է ԵՏՄ-ին անդամակցությամբ հնարավոր դարձել նվազեցնել արտաքին առեւտրի գործառնական ծախսերը, բայց մյուս կողմից ընդգծում է Իրանի, Վրաստանի հետ ծրագրերը, ամերիկյան ներդրումները: Այժմ դառնանք ավելի վաղ Հ. Աբրահամյանի այն հայտարարություններին, որոնք ռուսական կողմին կարող էին դուր չգալ:

Մի քանի ամիս շարունակ պաշտոնական Թեհրանից հայտարարություններ էին հնչում այն մասին, որ Իրանը էլեկտրափոխանցման լարերի 3-րդ գծի կառուցման շրջանակներում դիտարկում է Հայաստան գազի արտահանումը 5 անգամ մեծացնելու տարբերակը: Այս մասին փետրվարին հայտարարեց Իրանի Գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին: Պաշտոնական Թեհրանը շարունակում էր Հայաստանի զարգացման տեսանկյունից ուշագրավ ուղերձներ հղել պարբերաբար՝ կարծես հասկացնելով, որ Հայաստանը Իրանի հետ նոր մակարդակի փոխշահավետ հարաբերություններ հաստատելու հնարավորություններ ունի: Իսկ ռուսական կողմը համառորեն լռում էր:

Այս ֆոնին ուշագրավ հայտարարություն հնչեց Երեւանից: Փետրվարի 4-ին ՀՀ կառավարության հերթական նիստում Հ. Աբրահամյանն ասաց. «ՀՀ տնտեսվարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող էներգակիրների գինը: Մենք շահագրգռված ենք, որ հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ-Հայաստան» ընկերությունը լինի կայուն եւ խելամտորեն շահութաբեր, սակայն տնտեսության եւ բնակչության համար եւս գները պետք է լինեն մատչելի եւ շահավետ: Գազի սպառման ծավալների նվազումը ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ՝ ավելի ցածր գների դեպքում: Կարծում եմ, որ «Գազպրոմ-Հայաստան» ընկերության ղեկավարությունը մեծ անելիքներ ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը եւ իր վերադասին ներկայացնելու գործում, ինչի արդյունքում թե՛ «Գազպրոմ» ընկերության, թե՛ ՌԴ-ի համար հստակ կդառնա մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը: Կարծում եմ, որ համաշխարհային տնտեսության եւ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլեւ հնարավորությունը»:

Սա, Հ. Աբրահամյանի կողմից գազի գնի իջեցման թեմայով հրապարակային երկրորդ հայտարարությունն էր: Հունվարի 16-ին Հ. Աբրահամյանն ընդունել էր կենցաղային ապրանքների եւ սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների եւ հայտնել էր, որ Հայաստանը դիմել է ՌԴ-ին՝ ներմուծվող գազի սակագնի նվազեցման խնդրանքով: Գործարարները խնդրել էին նախկին վարչապետին, ելնելով էներգակիրների գների համաշխարհային դինամիկայից, ԵՏՄ անդամակցության շրջանակներում դիմել ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ին` ներմուծվող գազի սակագնի նվազեցման եւ արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով: Վարչապետն ընդգծել էր, որ ՌԴ-ի եւ այլ գործընկերների հետ տնտեսական հարաբերությունների առաջընթացն էապես կախված է տնտեսական մրցունակությունը չսահմանափակող էներգակիրների գներից, եւ նշել էր, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանությունները դիմել են ՌԴ իշխանություններին եւ հաշվի առնելով ՌԴ-ի հետ Հայաստանի գործընկերության ռազմավարական բնույթը՝ ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում:

Փաստացի, պաշտոնական Երեւանը՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի, երկու անգամ գազի գնի հարցը հրապարակայնացրեց:

Շարունակություն՝ Aravot.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ