Չինացիները պատրաստվում են լուրջ ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում

1068

Չինաստանի Հեյլունցզիան նահանգի ներկայացուցիչները պատրաստվում են լուրջ ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում, խթանել արտահանումը, նաև աջակցել կրթական ծրագրերին: Այսօր Երևանում ասուլիսի ժամանակ Չինաստանի պատվիրակության անդամ, Հեյլունցզիան նահանգի միջազգային առևտրի աջակցման չինական կոմիտեի գլխավոր քարտուղար Գուան Հեյբինը (Guan Haibin) ներկայացրեց, որ առաջին անգամ է այցելել հիասքանչ Հայաստան, այս երեք օրերի ընթացքում հասցրել են բավականին հանդիումներ կազմակերպել, և մեծ տպավորություն է ստացել հայերի հետ շփումներից:

«Հին պատմությամբ քաղաք և բարի մարդիկ: Կարծում եմ` Երևանում թե’ ապրելը, թե’ աշխատելը բավականին հետաքրքիր է»,- ասաց Գ.Հեյբինին:

Ըստ նրա` համագործակցության բազմաթիվ ծրագրեր կարելի է իրականացնել Հայաստանի և Չինաստանի ամենամեծ` 38 մլն-անոց բնակչություն ունեցող Հեյլունցզիան նահանգի միջև: Գ.Հեյբինը նշեց, որ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել լրագրողների փոխայցեր կազմակերպել` միմյանց մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար. «Հայաստանը մեզ համար նոր շուկա է, պետք է առաջին հերթին ծանոթանանք իրար»:

«Ցավոք, դեռ չեմ փորձել հայկական կոնյակը, գիտեմ, որ շատ հայտնի է, փորձել եմ տեղի օղին և գինին: Մեր քաղաք տարբեր երկրներից խմիչքներ են բերում, կարծում եմ, հայկականը ևս պետք է տեղ գտնի այնտեղ»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք հետաքրքրված են հայկական ալկոհոլային խմիչքների արտահանմամբ Չինաստան:

«Միջազգային գործարար կապերի աջակցության խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Մարիամ Մանուկյանը հայտնեց, որ հոկտեմբերի 1-4-ը նահանգի ամենամեծ Հարբին քաղաքից կժամանեն լրագրողներ, որոնք հաղորդումների շարք կպատրաստեն Հայաստանի մասին. «Մեր չինացի գործընկերներին հետաքրքրում են տուրիզմի, գյուղատնտեսության, ծառայությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները»:

Մ.Մանուկյանի խոսքով` չինացիները հետաքրքրված են ներդրումներ իրականացնել Հայաստանում գյուղմթերքների վերամշակման ձեռնարկություններ ստեղծելու համար, նաև հնարավոր է՝ Երևանին նոր ավտոբուսներ նվիրեն, կկազմակերպվեն ցուցահանդեսներ, մասնավորապես` սեպտեմբերին Չինաստանում կայանալիք ցուցահանդեսին մասնակցելու համար հայ գործարարներին անվճար կտրամադրեն տաղավարներ: Այդ նպատակով գործարարները կարող են դիմել «Միջազգային գործարար կապերի աջակցության խորհուրդ» ՀԿ և Երևանում «Կոնֆուցիոսի» անվան ինստիտուտ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ