Ինչ եղավ Արցախի դրոշը. վախեցա՞ն

1310

Եվրատեսիլ 2016 երգի մրցույթին Հայաստանի մասնակից պատվիրակությունը մրցույթի եզրափակչում կարծես թե չծածանեց Արցախի դրոշը, ինչն արել էր կիսաեզրափակչում: Դրանից հետո բարձրացավ բավական մեծ աղմուկ, իսկ Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարեց, որ եթե Հայաստանը նույնը կրկնի եզրափակչում, ապա կարող է ընդհուպ որակազրկվել:

Եզրափակչում Հայաստանը չկրկնեց նույնը, թեեւ կիսաեզրափակչից հետո Եվրոպական հեռարձակողների միության դժգոհությանը Հայաստանից հետեւեց այնպիսի մի հերոսական արձագանք, որ թվում էր, թե Եվրատեսիլի կիսաեզրափակչում ծածանելով Ացախի դրոշը՝ հայկական պատվիրակությունն ազատագրել է ապրիլին կորցրած հենակետերը եւ լուծել Արցախի միջազգային ճանաչման հարցը:

Ահա այդ հերոսական արձագանքից հետո առնվազն տարօրինակ էր, որ հայկական պատվիրակությունը եզրափակիչում չկրկնեց նույնը՝ չծածանեց Արցախի դրոշը: Ստոկհոլմի օդում իհարկե հայտնվեց մի օդանավ, որը ծածանում էր «Ղարաբաղը սիրում է Իվետային» կարգախոսը, բայց դա այն չէր իհարկե, որովհետեւ Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանի պատվիրակությանը սպառնացել էր դրոշը ծածանելու համար, ոչ թե օդային ստեղծագործության:

Փաստացի ստացվեց, որ Հայաստանի պատվիրակությունը տեղի տվեց սպառնալիքին, ինչը գործնականում արժեզրկեց կիսաեզրափակչի քայլը, այն կարեւոր ակցիայից վերածելով ընդամենը «մանր շուստրիության»: Բանն այն է, որ հայկական պատվիրակությունը տեղի տվեց առաջին իսկ դիմադրությունից՝ երբ առաջարկվեց ակցիայի համար վճարել «գին»:

Պարզվեց, որ հայկական պատվիրակությունը պատրաստ չէր ակցիայի, որը կարող է որեւէ գին պահանջել: Այդ դեպքում քանի՞ կոպեկի արժեք ուներ այն քաջայրությունը, որով հայկական պատվիրակությունը եւ նրան սատարող հայաստանյան մի շարք քարոզչական շրջանակներ փորձում էին հակազդել Եվրոպական հեռարձակողների միությանը, բերել փաստարկներ, հիմնավորել հայկական իրավացիությունը:

Ի՞նչ արժեք ունեցավ Արցախի մարդու իրավունքի նորանշանակ պաշտպանի իրավականորեն գրագետ, մարդկայնորեն պատվախնդիր նամակը Եվրոպական հեռարձակողների միությանը, եթե Հայաստանի պատվիրակությունը պետք է տեղի տար առաջին իսկ հակազդեցությունից հետո:

Այն դեպքում, երբ այդ «պահանջվող» գինը կյանքը չէր, ինչպես օրինակ սահմանին՝ զինվորների եւ սպաների դեպքում: Այդ գինը լինելու էր Հայաստանի որակազրկումը Եվրատեսիլից: Ի՞նչ էր կորցնելու Հայաստանը դրանից: Հեղինակությու՞ն:

Փորձենք հասկանալ, թե ի՞նչ արժե Եվրատեսիլի ապահոված հեղինակությունը: Օրինակ, ի՞նչ է շահել Բաքուն, երբ տարիներ առաջ հսկայական փող ծախսեց Եվրատեսիլը հաղթելու եւ իր մոտ անցկացնելու համար: Ի՞նչ է տվել այդ ամենն Ադրբեջանին, ի՞նչն է ավելացել եւ ի՞նչն էր պակաս լինելու: Բաքուն Հայաստանի հանդեպ որեւէ առավելության հասե՞լ է, որ Եվրատեսիլը անցկացվել է Բաքվում: Իհարկե ոչ:

Թե՞ այդուհանդերձ Հայաստանի պատվիրակությունից պահանջվել է բավական բարձր գին, քանի որ Եվրատեսիլին մասնակցությունը կապված է զգալի փողերի հետ, որոնց ծախսի մի ահագին մասն էլ ենթակա չէ բաց հաշվետվության, չի ներկայացվում հանրությանը, թե ինչքան ծախսվեց, ինչի համար, ծախսի ո՞ր մասն էր հանրային փողով, իսկ որ մասը՝ մասնավոր: Իսկ թե ինչ ֆինանսական մանեւրներ կարող են իրականացվել այդօրինակ ոչ լիարժեք հաշվետվողականության պայմաններում, պատկերացնելը դժվար չէ:

Հետեւաբար, զրկվելով Եվրատեսիլից, փաստացի զրկվում են այդօրինակ մանեւրների հնարավորությունից:

Փաստացի, հայկական պատվիրակությունը նժարի վրա է դրել այդ մանեւրի հեռանկարն ու Արցախի դրոշի ծածանումը: Ծանր է կշռել առաջին նժարը:

Բայց խնդիրը նույնիսկ դա էլ չէ: Այլ վերաբերմունքը, որ առկա է Հայաստանի տարբեր ատյաններում Արցախի խնդրի հանդեպ, այդ թվում այնպիսի կարեւորագույն բաղադրիչի առումով, ինչպիսին է «ժողովրդական դիվանագիտությունը»:

Խնդիրը բոլորովին այն չէ՝ պետք էր ծածանել եզրափակչում, թե պետք չէր: Խնդիրը այն է, որ Եվրոպական հեռարձակողների միության զգուշացումից հետո ծածանելը պետք էր՝ կիսաեզրափակչի արածը չանլրջացնելու, չարժեզրկելու համար, միաժամանակ ցույց տալու համար, որ հայկական կողմի համար կան սկզբունքային դիրքեր, որոնցից նահանջը գին չունի:

Այստեղ հարցն արդեն Արցախի դրոշն էլ չէ, այլ հայկական կողմի հենց այդ վարկը՝ սկզբունքայնությունն ու լրջությունը: Անթույլատրելի է այդօրինակ կարեւորագույն բաղադրիչները սպասարկել անլուրջ, պահի ազդեցությամբ մշակված կամ պահի տակ կայացված որոշումներով, էմոցիոնալ պառթկումներով: Բանն այն է, որ այդօրինակ որոշումների հետեւանքը ժամանակի մեջ եթե անգամ ավելի ուշ կամ տարածված է արտահայտվում, այդուհանդերձ լինում է ավելի ազդեցիկ, քան պահի տակ զգացված էֆեկտը:

Վերջին հաշվով, այս կամ այն խորհրդանիշը միջոց է, ոչ թե նպատակ: Նպատակի սպասարկման միջոց է, իսկ նպատակը լրջության, սկզբունքայնության, սեփական իրավունքի պաշտպանության հարցում կամքի եւ պատրաստակամության դրսեւորումն է աշխարհի ժողովուրդների առաջ, որով նրանք պետք է ճանաչեն հայ ժողովրդին՝ տվյալ դեպքում պետական ու ազգային անվտանգության համար կարեւորագույն խնդրում:

Աղբյուր՝ lragir.am

Загрузка...