«Ժամանակ». Ադրբեջանը միջնորդ թուրք-ռուսական հակամարտության մեջ

    362

    «Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է միջնորդ լինել թուրք-ռուսական հակամարտությունը կարգավորելու համար: Բաքուն ակնհայտորեն ցանկանում է իր դիվիդենտները քաղել ռուս-թուրքական հակամարտությունից: Ըստ էության, սա, իհարկե կարող է նաեւ տագնապից բխել եւ Ադրբեջանն ըստ էության, կարող է բավական հիմնավոր վախ ունենալ, որ ռուս-թուրքական հակամարտությունը կբերի Բաքվի համար ճնշումների մեծացման, եթե շարունակվի: Այսինքն, Անկարան կարող է ստիպել Ալիեւին այսպես ասած, իր կրտսեր եղբայրությունն անել, իսկ Ռուսաստանն էլ կարող է ստիել «դավաճանել»:

    Այսինքն, Բաքուն այսպիսով կհայտնվի կամ-կամ-ի առաջ, կամ Թուրքիայի կողմն անցնել, կամ Ռուսաստանի: Եվ, սա, իհարկե Ալիեւի համար հղի է իսկապես ծանր հետեւանքներով, եթե նկատի առնենք, որ Արեւմուտքի հետ Բաքվի հարաբերությունները լարված են վաղուց: Եվ ահա, Ալիեւը փորձում է միջնորդ դառնալ, զոհ չդառնալու համար: Բաքվից եկած այս հայտարարության ֆոնին առավել ակտուալ է դառնում Հայաստանի հարցը: Հայաստանն էլ այն պետությունն է, որին սպառնում է ռուս-թուրքական կոնֆլիկտը: Իհարկե, միանշանակ չէ ամեն ինչ, եւ Հայաստանը կարող է նաեւ զգալիորեն օգտվել, սակայն այն դեպքում միայն, եթե վարի ինքնուրույն քաղաքականություն; Բանն այն է, որ ռուսական վարքի դեռեւս ոչ պաշտոնական, սակայն մի շարք հատկանշական դրսեւորումներ ռիսկեր են առաջացնում առ այն, որ Մոսկվան Հայաստանը կարող է դիտարկել Թուրքիային պատժելու գործիք: Թեեւ, արդեն նաեւ պաշտոնական դրսեւորումներ կան: Պետդումայում է մի օրինագիծ, որով նախատեսվում է պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանությունը հերքելու համար: Եթե Հայաստանը դառնում է գործիք, ապա այստեղ խոսք անգամ լինել չի կարող այն մասին, որ կօգտվի ռուս-թուրքական կոնֆլիկտից: Սակայն, եթե Հայաստանն այստեղ ունակ է ինքնուրույն դերակատարման, ապա այստեղ, իհարկե հեռանկարներն, իսկապես առկա են: Ողջ խնդիրն ինքնուրույնությունն է:

    Ռուս-թուրքական կոնֆլիկտն ինքնին Հայաստանի համար անկառավարելի գործընթաց է եւ այստեղ, իհարկե, Երեւանն ազդեցություն ունենալ չի կարող որեւէ դեպքում: Եթե հայ-թուրքական հարաբերություն լիներ, ապա իհարկե, Երեւանը պետք է առաջինը լիներ միջնորդություն առաջարկելու առումով: Սակայն զրկված է դրա հնարավորությունից: Այս պայմաններում խնդիրը դառնում է կոնֆլիկտի ռիսկերի կառավարումը եւ ինքնուրույնությունը Հայաստանի համար հենց այս տեսանկյունից է կենսականորեն անհրաժեշտ գործոն, այլապես ռուս-թուրքական կոնֆլիկտի ռիսկերը կառավարելն անհնար է լինելու:

    Իսկ կոնֆլիկտն ինքնին վտանգավոր է դառնալու այդ դեպքում, քանի որ ռիսկերի կառավարելիության պարագայում այդ կոնֆլիկտը Հայաստանի համար նպաստավոր հանգամանք է, անգամ ինքնին Հայաստանի ազդեցությունից դուրս գտնվելու պայմաններում: Իրավիճակն այս տեսանկյունից քիչ թե շատ հուսադրող է, նկատի ունենալով այն, որ Երեւանն առայժմ զգուշավորություն է պահպանում իր արձագանքներում եւ չի հայտնվել Ռուսաստանի «կրտսեր եղբոր» դերում: Հատկապես, երբ Ալիեւը փորձում է դուրս գալ Թուրքիայի համար այդ դերից, Հայաստանի համար չափազանց մեծ սխալ կլինի ՌԴ «կրտսերի» դերում հայտնվելը: Մինչդեռ, Ռուսաստանում Հայաստանն այդ դերում տեսնելու տրամադրություններ նկատվում են, ինչը մեղմ ասած մտահոգիչ է»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Загрузка...